«Медуза»-ի և «Медиазона»-ի գնահատմամբ մինչև 2025-ի վերջը զոհվել է 352 հազար ռուս զինվորական

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց մինչև 2025 թվականի ավարտը պատերազմում զոհվել է 352 հազար ռուս զինվորական՝ ըստ «Медуза»-ի և «Медиазона»-ի համատեղ հետազոտության։ Հեղինակները նշում են, որ իրենց արդյունքներն էապես տարբերվում են կողմերի հրապարակած փոխադարձ կորուստների գնահատականներից, սակայն նման ցուցանիշներ հնարավոր է ստանալ միայն հետադարձ հաշվարկներով։
Հիմք ընդունելով մի քանի աղբյուրներ՝ հետազոտողները համադրել են «Медиазона»-ի կողմից BBC-ի ռուսական ծառայության և կամավորների խմբի հետ կազմվող զոհվածների անվանական ցուցակները Ռուսաստանի ժառանգության գործերի ռեեստրի տվյալների հետ։ Այս համադրության շնորհիվ նրանք հաշվարկել են պատերազմի ընթացքում զոհվածների տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար ռեեստրում հայտնվելու հավանականությունը.
օրինակ՝ ազատազրկման վայրերից ռազմաճակատ ուղարկվածների դեպքում այն զգալիորեն ցածր է, քան մյուսների մոտ։ Այդ գործակցով լրագրողները ժառանգության գործերի թվերը վերափոխել են կորուստների իրական գնահատականի՝ պարզելով, թե հայտնի դարձած ժառանգական գործերի քանակին իրականում քանի զոհված է համապատասխանում։
Ըստ նույն աղբյուրի, 352 հազարը ներառում է 261 հազար «սովորական» գրանցված մահեր և 90 հազար անձ, որոնք դատարանի որոշմամբ ճանաչվել են զոհված կամ անհետ կորած, կամ որոնց մահվան գրանցումը տեղի է ունեցել 180 օր և ավելի ուշացումով այլ պատճառներով։ Հետազոտության հեղինակները շեշտում են, որ չեն հաշվարկել օտարերկրյա քաղաքացիների կորուստները, որոնք կռվել են ռուսական բանակի կողմում։
2025 թվականի հուլիս–դեկտեմբեր ամիսների անհետ կորածների տվյալները, ըստ նրանց, կհստակեցվեն ավելի ուշ։ Տարածքային կտրվածքով «Медиазона»-ի հաշվարկները վկայում են, որ Ռուսաստանի հեռավոր և աղքատ շրջանների բնակիչները պատերազմում տասնյակ անգամ ավելի հաճախ են զոհվում, քան մոսկվացիները։
10 հազար տղամարդու հաշվով ղեկավարում է Տուվան՝ 120 զոհով, հաջորդում են Բուրյաթիան՝ 91, և Ալթայի Հանրապետությունը՝ 89 ցուցանիշով, մինչդեռ Մոսկվայում այդ թիվը 3 է։ Ալթայից զոհվածների գրեթե կեսը կամավորներ են եղել, որոնք պայմանագիր են կնքել 2022 թվականից հետո, իսկ Տուվայից զոհվածների շուրջ մեկ քառորդը՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից հավաքագրված դատապարտյալներ։
