Կուբիլիուս. Ուկրաինան կարող է դառնալ Եվրոպայի «նոր տնտեսական վագրը» 20-25 տարվա ընթացքում, եթե ինտեգրվի ԵՄ-ին

Եվրամիությանը ինտեգրումը վճռորոշ պայման է Ուկրաինայի հետագա տնտեսական աճի համար, ասել է պաշտպանության եւ տիեզերական տարածության եվրոպական հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։ Նրա կարծիքով՝ երկուսուկես տասնամյակի հեռանկարում երկիրը կարող է դառնալ Եվրոպայի աճի առաջատարներից մեկը։
«Ուկրաինային անհրաժեշտ է 20-25 տարի՝ հզոր տնտեսություն կառուցելու եւ Եվրոպայի «նոր տնտեսական վագրը» դառնալու համար»,- ասել է Կուբիլիուսը՝ ընդգծելով, որ նման սցենարը հնարավոր է, եթե երկիրը հաջողությամբ շարժվի եվրոպական ճանապարհով։ Նա ընդգծել է, որ եվրոպական որոշ երկրների մտավախությունները Ուկրաինայի տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում հնարավոր մրցակցության վերաբերյալ նոր չեն։
Նմանատիպ քննարկումներ լսվեցին Լեհաստանի եւ Բալթյան երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստության ժամանակ։ Եվրահանձնակատարի խոսքով՝ չնայած կասկածներին՝ այն ժամանակվա ԵՄ ընդլայնումը զգալի օգուտներ բերեց։ Որպես օրինակ նա բերեց Լիտվան, որը Եվրամիությանը միանալուց հետո ցուցադրեց շոշափելի տնտեսական աճ եւ ամրապնդեց իր դիրքերը։
«Ուկրաինայի բարգավաճումը կենսական նշանակություն ունի ողջ եվրոպական մայրցամաքում կայուն խաղաղության համար», - ընդգծել է Կուբիլիուսը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի հաջողությունը կարող է ավելի լայն ազդեցություն ունենալ եւ ազդել հարեւան երկրների վրա. «Ուկրաինայի հաջողությունը կարող է ոգեշնչել սովորական ռուսներին՝ պահանջելու վերադառնալ բնականոն կյանքին»։
